Օդային արմատներ արձակողը

2016

Ռոբին Չաթեր

Օդային արմատներ արձակողը

Ռոբին Չաթերը գունանկարչության մեջ օգտագործում է միջնադարյան ճապոնական Սումինագաչի (լողացող թանաք) տեխնիկան։ Այս գծանկարչության ակունքները պետք է փնտրել վաղնջական ժամանակներում, երբ նախնադարի մարդը քարի վրա հետքեր թողնելու գյուտն արեց։ Միմյանց հետ ուղղակիորեն չկապված, նույնանալով միայն ավտոմատ ժեստի տրամաբանությամբ, դրանք միասնաբար հղում են բնական ռիթմերին և դրանց շնորհիվ գոյացող պատկերներին։ Կետերի շրջանակային կուտակումներն ու սփռումները, գծերի ալիքային բազմացումներն ու գալարումները, գունաներկի հեղեղումները, դրանց թաձրացումներն ու նոսրացումները, ծորոցքը և փողփողումները ոչ այլ ինչ են, քան նյութի կյանքը՝ միաժամանակ քաոտիկ ու ներդաշնակ։ Սուբյեկտիվությունը արտաքսված է նրա նկարչական արարքից. ոչ մի անհատական ժեստ և անձնականություն։

Բայց այն ասես վերահառնում նկարչության վայրի տեղաշարժի շնորհիվ։ Չաթերի տարաշխարհիկ զարդանախշերը փնտրում և լուսանցքներ ու բացատներ են գտնում արդյունաբերական աշխարհի ապրանքների՝ այլազան ծրարների և տուփերի վրա։ Արվեստն, ասես, խխունջի պես դուրս է սողում իր պատյանից, հազարոտնուկի պես առաջ է շարժվում իբրև ջունգլի, իբրև անտառ, ասես բուսականությունը գալիս է հետ նվաճելու տարածքները, որ այդ աշխարհը խլել է բնությունից։

Ֆրանսիացի արվեստի տեսաբան և կուրատոր Նիկոլա Բուրիոն մի հասկացություն է առաջ քաշել՝ նկարագրելու համար ժամանակակից իրականության սուբյեկտին։ Նա ասում է, թե ի տարբերություն արդիության, որն արմատական էր, արմատախիլ էր անում ծառը՝ նորը տնկելու համար, ժամանակակից իրականության սուբյեկտն իր արմատներն աստիճանաբար է աճեցնում՝ բաղեղի նման։

Բայց այդ սուբյեկտությունը անանձնական է, տեղահանված ու բնութագրում է գաղթի մեջ հայտնված արվեստը; Այլևս զերծ խորհրդանշականն ու հայեցողականը, զգացականն ու պատմողականը փոխանցելու բարձր, բայց և պայմանական գործառույթից, այն սոսկ ներկայությունն է կենսամշակութային համակարգերի ինչ որ մի իշխանության, դրա շոշափուկները,կամ ծածուկ առաջադրանքով գործակալը, որի միակ նպատակը նյութափոխանակության ապահովումն է և թերմոդինամիկ հավասարակշռության պահպանումը ։

Նազարեթ Կարոյան

http://www.robinchuter.uk

Նմանատիպ դասընթացներ

June 4, 2025

Դոկու-Հեղափոխություն կինոփառատոն

June 4, 2025

Կարդում ենք Միշել Ֆուկո

September 10, 2019

Մարկոս Գրիգորյան / Պերֆորմատիվ Փոխաբերություններ
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.