Կարդում ենք Մաթևոսյան

2023

Ժամանակակից արվեստի ինստիտուտը կազմակերպում է դասընթաց՝ Կարդում ենք Մաթևոսյան: Տասը հանդիպման ընթացքում (5 դասախոսություն, որոնցից յուրաքանչյուրին կհետևի սեմինար-գործնական աշխատանք) կքննարկվեն Հրանտ Մաթևոսյանի գրականությանն առնչվող մի շարք հարցեր, որոնց մի մասը որպես կանոն դուրս է մնում ավանդական գրականագիտության հետաքրքրության շրջանակից:
Դասընթացը բաղկացած կլինի դասախոսություններից և սեմինարներից: Ունկնդիրներից կպահանջվի (վեր)ընթերցել հանձնարարված տեքստերը (հատվածներ Մաթևոսյանի գրական տեքստերից, էսսեներից, հարցազրույցներից), մասնակցել քննարկումներին, գրել կարճ շարադրություններ:
Դասընթացը կազմել է և կվարի մշակութային քննադատ Հրաչ Բայադյանը: Այն հիմնված է նրա հետազոտական աշխատանքի վրա, որ ոգեշնչվել է այնպիսի մոտեցումներից ու տեսություններից, ինչպիսիք են դիմադրության գրականությունը, հետգաղութային ուսումնասիրությունները, գաղութային դիսկուրսի վերլուծությունը և այլն: Դասախոսությունների և սեմինարների հիմնական թեմաները սրանք են.

Թեմա 1. Ներածություն:

Ընթերցումի տեսություններ. համառոտ ակնարկ («սիմպտոմային ընթերցումի» մարքսիստական ավանդույթը, «կասկածի հերմենևտիկա» – Պ. Ռիկյոր, «ընդդեմ մեկնաբանության – Ս. Սոնթագ, «մակերևույթային ընթերցում» (Շ. Մարկուս և Ս. Բեսթ), լսարանի ուսումնասիրություններ): Սիմպտոմային ընթերցումը (symptomatic reading) ըստ Ֆ. Ջեյմիսոնի:

Պատմական համատեքստը՝ 1960-70-ականներ. Ձնհալից դեպի Լճացում. սոցիալիստական ռեալիզմ և գրաքննություն: Մաթևոսյանի գրական գործունեության փուլերը: Խորհրդային Հայաստանի արդյունաբերացման և քաղաքայնացման (ուրբանացման) նոր ալիքը: «Ազգային զարթոնք». խորհրդահայ ազգային գաղափարաբանության ձևավորումը գրականության (և գրականագիտության) մեջ: Խորհրդային գրականության հիմնական հոսանքները, «գյուղագրության» հարցը: Գրողի և գրականության կոչումը ըստ Մաթևոսյանի. ինքնասահմանումներ, հետահայաց գնահատականներ:

Ընթերցանություն – էսսեներ և հարցազրույցներ (ցանկը կճշտվի ավելի ուշ):

Թեմա 2. Արդյունաբերացման և տեխնոլոգիականացման ընթացքը Մաթևոսյանի գրականության մեջ:

Արդիական տեխնոլոգիան/բնության գոյաբանական չափումը «Գոմեշը»-ում, գոմեշը՝ ազգային այլաբանությո՞ւն: Ավանդական աշխարհի քայքայումը. պահպանման գաղափարաբանությունից («հայրենիքի պատկերի» ստեղծումը, «նոյյան բարդույթ») դեպի կործանման տարեգրություն («Տերը», «Տաշքենդ»): Արևելահայ արդի գրականության ավարտը, Լուսավորության գաղափարների վերաքննություն: Մի քանի հասկացություն՝ «բնիկ», «մաքուր», «օտար», «անհայրենիք», «խառնածին», «հարմար»:

Ընթերցանություն – «Գոմեշը», «Տերը», էսսեներ և հարցազրույցներ (ցանկը կճշտվի ավելի ուշ):

Թեմա 3. Պատկեր և գրություն, կինոյի հարցը:

Տեսողականը գրության մեջ – գրության տարածական ձևը: Հայացք՝ տիրապետող (վերևից) և դիմադրող: Գաղափարաբանությունը կինոյում և կինոյի գաղափարաբանությունը: Անտոնիոնիի «Գիշերը» «Խումհար»-ում. ինչո՞ւ վերապատմել ֆիլմը, «Մենք ենք, մեր սարերը». կինո և ազգ:

Ընթերցանություն – «Խումհար», հավելյալ՝ Ջեյմիսոն՝ «Պատկերի փոխակերպումը», էսսեներ և հարցազրույցներ (ցանկը կճշտվի ավելի ուշ):

Թեմա 4. Գրական դիմադրություն: Ժանրի և պատումի հարցը:

Գրական դիմադրության թեման հետգաղութային տեսության մեջ: Վեպի ժանրի գաղափարաբանական մեղսակցությունը հետստալինյան խորհրդային գրականության մեջ, 1960-1970-ականների խորհրդահայ «ազգային» գրականությունը: Պատում և մշակութային գերիշխանություն: «Հեգնական հեռավորություն կայսրությունից» (Էդվարդ Սաիդ), խոսքեր լուսանցքից՝ ո՞ւմ խոսքն է ասում գրողը:

Ընթերցանություն – «Ի սկզբանե էր բանն…», Ա. Մարչենկոյի հարցազրույցը Մաթևոսյանի հետ, այլ էսսեներ և հարցազրույցներ (ցանկը կճշտվի ավելի ուշ):

Թեմա 5. «Ազգային այլաբանություն» (Ֆ. Ջեյմիսոն) – գրական դիմադրության թեմայի շարունակությունը:

Ազգային այլաբանությունը՝ որպես Երրորդ աշխարհի գրականության մեկնաբանության միջոց: Ազգային այլաբանությունը «Խումհար»-ում: «Հայաստանի դասերը» (Անդրեյ Բիտով). ռուս-խորհրդային գրական օրիենտալիզմի փոխակերպումները: «Հայաստանի դասերը»-ի և «Խումհար»-ի զուգահեռ ընթերցում:

Ընթերցանություն – «Խումհար», «Հայաստանի դասերը»:

Ամբողջական դասընթացի արժեքն է 20,000 դրամ, որը ներառում է 5 դասախոսություն։ Մեկ առանձին դասասախոսության արժեքն է՝ 6,000 դրամ։ Ամբողջական դասընթացին գրանցվածների մասնակցությունը սեմինարներին անվճար է։

Գրանցվելու վերջնաժամկետն է ապրիլի 10–ը։ Դասընթացը կմեկնարկի 2023 թվականի ապրիլի 14–ին:

Similar Courses

June 27, 2024

Ցույց տուր ինձ քո արխիվը և ես կասեմ, թե դու ով ես․․․ Կարո՞ղ եմ

May 29, 2024

«Մշակութային մարդաբանական հետազոտական մեթոդներ». դասընթաց ԺԱԻ-ում

May 29, 2024

ԲԱՑ ԿԱՆՉ․ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.