Ժամանակակից հասարակությունները տիրապետված են, կարելի է ասել՝ հիվանդ են պատկերով։ Այսօր հաղորդակցությունը մեծապես միջնորդված է պատկերով, եւ մշակութային պրակտիկաներն էլ ավելի ու ավելի մեծ չափով են ապավինում պատկերին։ Մշակույթի հարաճուն տեսողականացման հետեւանքներից մեկը լեզվի (առաջին հերթին՝ տպագրության դարաշրջանում ձեւավորված գրական լեզվի) հաստատուն նահանջն է՝ մեծ խնդիր փոքր մշակույթների համար։
Պատկերների ստեղծումը, վերարտադրությունը, պահպանումը եւ շրջանառությունը ապահովող տեխնոլոգիաների առատությունն ու մատչելիությունը վկայակոչելը բավարար չէ պատկերի այս ամենահասությունը բացատրելու համար։ Վալտեր Բենյամինը նկարագրում էր 1820-ականներին Փարիզում առաջ եկող առեւտրային պասաժները որպես «երազային լանդշաֆթներ», որոնց տեսողական հմայքը ապրանքների սպառման կարեւոր խթանն էր։ (Հավանաբար նման փորձառություն 1990-ականներին կարող էին ունենալ առաջին երեւանյան տոնավաճառների այցելուները։)
Գովազդի պատմությունը վկայում է տեքստի նկատմամբ պատկերի մեծացող տիրապետության, ինչպես նաեւ գովազդային պատկերի աճող էսթետիկականացման ու գրավչության մասին։ Սպառողականությունը կենդանի պահելու համար գովազդային պատկերը պետք է ունենա նաեւ մշակութային սահմանները անցնող, գլոբալորեն ճանաչելի «բառարան» ու «շարահյուսություն»։ Եւ այս բառարանի կարեւոր միավորները անդրազգային կորպորացիաների ապրանքանիշներն են՝ ծանրակշիռ փաստարկ գլոբալ հաղորդակցության տեսողականացման օգտին։
Դասընթացում համառոտ ձեւով կքննարկվեն լուսանկարչական պատկերի որոշ մշակութային եւ գաղափարաբանական ասպեկտներ, մշակույթի տեսողականացման հարցը եւ պատկերի դերը մշակութային գլոբալացման ընթացքի մեջ։
Կներկայացվեն նշանագիտության (սեմիոտիկա) հիմնական տարրերը եւ այդ միջոցների կիրառության հնարավորությունը պատկերների վերլուծության մեջ (պատկերը՝ որպես տեքստ)։
Կտրվեն գովազդային պատկերների եւ լուսանկարների նշանագիտական վերլուծություն օրինակներ։
Դասախոսությունների ցանկը
1. Ներածություն. արդիություն եւ պատկեր։ Տեսողական հաղորդակցություն եւ տեսողական հռետորություն
2. Լուսանկարչության մշակութային նախադրյալները եւ թողած ազդեցությունները
3. Նշանագիտության հիմնական տարրերը։ Ֆերդինանդ դը Սոսյուր, կառուցվածքաբանություն (ստրուկտուրալիզմ) եւ ետկառուցվածքաբանություն (պոստստրուկտուրալիզմ)
4. Տեսողական նշանագիտություն
5. Ի՞նչ է լուսանկարչության տեսությունը կամ քննադատությունը
6. Գովազդ եւ սպառողականություն
7. Տեսողության աճող միջնորդվածությունը տեխնոլոգիայով։ Գլոբալ տեսողական լեզո՞ւ
8. Ամփոփում, լուսանկարչական եւ գովազդային պատկերների վերլուծության օրինակներ։
Վարող՝
Հրաչ Բայադյան
8 դասախոսություն-պարապմունք
Գինը՝ 28 000 ՀՀ Դրամ