Լիբանանցի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Նադիմ Քարամը “Քաղաքային պատմություններ” դասախոսության շրջանակներում կներկայացնի աշխարհի տարբեր քաղաքներում իր քաղաքային արթ-նախագծերի ստեղծման ու իրականցման գործընթացը և կխոսի հանրային արթ-նախագծերում հանրության մասնակցության դերի մասին։
Նադիմ Քարամը ստեղծել է մոնումենտալ ինստալացիաներ աշխարհի տարբեր քաղաքներում։ Մասնակցել է Լիվերպուլի, Վենետիկի և Կվանժուի արվեստի միջազգային բիենալեներին։ Բազմաթիվ անհատական և խմբային ցուցահանդեսներ է ունեցել, այդ թվում՝ Շանհայի բիենալեում, Փարիզի Արաբական աշխարհի ինստիտուտում, Բրյուսելի Վիլա Ամպան-Պողոսյան հիմնադրամում և Լոնդոնի Արվեստի թագավորական քոլեջում։
Քարամն ու իր Հափսիթուս փորձարարական արվեստանոցը համոզված են, որ քաղաքները կենդանի, երազող օրգանիզմներ են, և որ արվեստը, մշակութային կատալիզատորների միջոցով քաղաքային միջավայրերին էներգիա ներարկելով, կարող է վեր հանել երազանքները, արթնացնել հանրության հիշողությունները, հյուսել պատմություններ, ներկայացնել անհեթեթությունը կամ բորբոքող հարցադրումներ անել։
Նադիմ Քարամը դասախոսություններով հանդես է գալիս աշխարհի տարբեր համալսարաններում և միջազգային համաժողովներում։
Արվեստագետի մասին ավելին այտեղ՝ http://www.hapsitus.com/
Դասախոսությունը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին, ժամը 18։30-ին ԺԱԻ-ի այգում։