Հայաստանում Թավշյա հեղափոխության ստեղծած իրողությունները մեզ՝ քաղաքացիներիս հնարավորություն են ընձեռում վերձևավորել և առաջարկել Հայաստանում մշակութային նոր քաղաքականության համապարփակ ծրագիր։ Ուստի մենք ցանկանում ենք հանդես գալ մշակութային համաժողով նախապատրաստելու և անցկացնելու նախաձեռնությամբ։
Մշակութային համաժողովի օրակարգում Հայաստանի մշակութային ռազմավարությունը ձևավորող քաղաքական, տնտեսական, կրթական և այլ բաղադրիչների ներկայացմամբ համապարփակ ծրագրի ստեղծումն է։ Համաժողովին անմիջականորեն կարող են մասնակցել արդեն իսկ մշակված ծրագրեր ունեցող ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հաստատություններն ու կազմակերպությունները, անհատ գործարարները, քաղաքական ու մշակութային գործիչները, օրենսդիրները, ամենատարբեր ոլորտների փորձագետներ: