Նիստ_ու_կաց համայնքային կենտրոնն ու արտ-կացարանը հրավիրում են մասնակցելու նիստ_ու_կացի աշնանային շրջանի ռեզիդենտ կինոգործիչներ Էմիլի Մկրտչյանի և Ալեքս Իգիդբաշյանի հետ հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 5-ին, ժամը 19.00՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտում:
2015 թվականի ամռանը Էմիլի Մկրտչյանը և Ալեքս Իգիդբաշյանը միջազգային ճանաչում ունեցող ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանին ուղեկցել են Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում՝ տեսանկարահանելով Համասյանի կատարումները վանքերում՝ «Լոյս ի Լուսոյ» [www.luysiluso.com] երաժշտական շրջագայության ընթացքում: նիստ_ու_կացում կացարանելու ընթացքում և ապա՝ Բեռլինում աուդիո-վիզուալ արվեստագետների հետ համագործակցելով՝ նրանք տեսանկարահանումների շուրջ բազմամեդիա ինստալացիա են ստեղծել, որի առաջին ցուցադրանքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ Գյումրիում:
Հանդիպման ընթացքում Էմիլին և Ալեքսը կպատմեն «Լոյս ի Լուսոյ» շրջագայություն-բազմամեդիա ինստալյացիայի նախագծի և ցուցադրանքի արտադրության, Հայաստանում նախագիծ անելու համատեքստի և վերջին մի քանի տարիների ընթացքում այս և այլ նախագծեր անելու իրենց փորձառության մասին:
Էմիլի Մկրտչյանն ամերիկահայ կինոգործիչ և գրող է, ով այժմ բնակվում է Հայաստանում: Հիմնականում հիշոողության և վայրի թեմաներին անդրադարձող իր ֆիլմերը ներկայացվել են բազմաթիվ կինոփառատոնների և հեռարձակվել են եվրոպական մի շարք խոշոր հեռուստաալիքներով:
2012թ. Էմիլին Երևանում արտադրել է «140 դրամ» [http://www.140drams.com] կարճամետրաժ խաղարկային ֆիլմը, որը մասնակցել է շուրջ 9 երկրի կինոփառատոնների և մի շարք միջազգային մրցանակների արժանացել, այդ թվում՝ Իզմիրի միջազգային կինոփառատոնի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին և Կինոօպերատորների միջազգային գիլդիայի «Արտածագ կինոօպերատորի մրցանակ»-ին (Emerging Cinematographer’s Award), ինչի առիթով ֆիլմը 2013թ. նոյեմբերին ցուցադրվել է օպերատորական արվեստի Camerimage միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
2012-13թթ. Էմիլին 2 վավերագրական ֆիլմ է հեղինակել և արտադրել ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքի համար: Առաջինը նկարահանվել է Պակիստանի Կարաչի քաղաքում և անդրադարձել է պակիստանյան մեծագույն սոցիալական ակտիվիստ և մարդասեր Աբդուլ Սաթար Էդհիի կյանքին և գործունեությանը: Երկրորդը Հնդկաստանի գյուղական համայնքներից մեկում մանկական ոստիկանության յուրօրինակ սովորույթների մասին է:
2014թ. Էմիլին հեղինակել է «Լևոն. զարմանալի կյանք» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը [https://www.youtube.com/watch?v=ac-5zNVXYms]՝ երևանցի 60-ամյա «գլաչմուշկավար (roller-skater) փիլիսոփա» Լևոնի մասին:
Այս տարի նա ավարտել է «Հատանցում. տեսողական ճամփորդություն Հայաստանով» վավերագրական ֆիլմի արտադրությունը [https://www.youtube.com/watch?v=u0959pZfLRQ], որը տեսողական ստեղծագործական ճամփորդություն է Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի հատումներով. ֆիլմն արդեն փառատոնային շրջագայության մեջ է:
Այժմ Էմիլին աշխատում է միջազգային ճանաչում ունեցող ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի «Լոյս ի Լուսոյ» նախագծի բազմամեդիա ինստալյացիայի ցուցադրանքի վրա: Ինստալյացիան արդեն ներկայացվել է Հայաստանում և Եվրոպայում: Մոտ ապագայում այն ցուցադրվելու է նաև ԱՄՆ-ում:
Ալեքս Իգիդբաշյանը կինոգործիչ և լուսանկարիչ է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքից: Ալեքսը Ֆիլմ/վիդեո և սցենարագրություն է ուսանել Դրեքսել համալսարանում՝ այնուհետև զբաղվելով վավերագրական և խաարկային ֆիլմերի, երաժշտական տեսահոլովակների և փորձարարական գործերի արտադրությամբ:
2013թ. Երևան տեղափոխվելով՝ Ալեքսը Հայաստանում համագործակցել է Հ1-ի և եվրոպական ARTE հեռուստաալիքների հետ, ինչպես նաև՝ աշխատել «Բարս Մեդիա» ընկերության վավերագրական ֆիլմերի արտադրության վրա:
Ալեքսն Էմիլիի հետ համագործակցել է բազմաթիվ նախագծերի, այդ թվում՝ «Լևոն. զարմանալի կյանք» ֆիլմի շրջանակներում:
Վերջերս նկարահանված իր «Հաենեյո. ծովի կանայք» վավերագրական ֆիլմը [https://vimeo.com/79749308], որը պատմում է Հարավային Կորեայի Ջուջու կղզու կին ազատ-ջրասուզորդների (free-divers) մասին, այժմ շրջագայում է միջազգային կինոփառատոններով, և արդեն հասցրել է մի շարք մրցանակների արժանանալ, այդ թվում՝ Սան Ֆրանցիսկոյի Օվկյանոսային ֆիլմերի միջազգային կինոփառատոնի «Առափնյա մշակույթի մրցանակ»-ին և Լոս Անջելեսի Ընդհատակյա միջազգային կինոփառատոնի «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին:
2015թ. Ալեքսը նույնպես մասնակցել է միջազգային ճանաչում ունեցող ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի «Լոյս ի Լուսոյ» շրջագայությանը Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում՝ տեսանկարահանելով Համասյանի շրջիկ կատարումները և աշխատելով բազմամեդիա ինստալյացիայի արտադրության և ցուցադրանքի վրա:
info@ica.am47 Avet Avetisyan St,Yerevan, Armenia