Կուրատորական գործունեությունը,որը ծագել է տեսողական արվեստի միջավայրում, ժամանակակից իմաստով հասկացվում է իբրև արվեստի գործերի ցուցադրությունը կազմակերպող փորձառություն։ Իր բնագավառում՝ կրթությունից ու հետազոտությունից մինչև արխիվային ու գրադարանային գործի կազմակերպումը խորանալուց բացի վերջերս այն ցուցաբերում է նաև արվեստի այլ ոլորտներում տարածվելու միտումներ ։ Սկսած երկուհազարականներից արդեն խոսում են բանաստեղծության, երաժշտության և առավել լայն իմաստով կատարողական արվեստների կուրատորության մասին։
Արվեստի և հասարակության միջև կառավարչական միջնորդության տարածման ակունքները,սակայն,պետք չէ միայն ստեղծագործական արդյունաբերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ սինխրոնացման մեջ փնտրել ։ Ստեղծագործական փորձի այլ ոլորտների ընդգրկումով կուրատորական գործունեության նման ընդլայնումը թերևս, նաև, պայմանավորված է դրանում առկա կատարողական աշխատանքի տարրով, ինչն անխուսափելիորեն կառուցում և վեր արտադրում է սոցիալական ու մշակութային որոշակի կոնստրուկներ։ Ի վերջո կուրատորությունը կազմավորող փորձառություն է, որը մասնակցում է արվեստային ու դիտողական սուբյեկտների կառուցմանը։
Կուրատորը երբեք լիովին չի նույնանում ոչ ստեղծագործողի եւ ոչ էլ հանդիսատեսի հետ։
Նա, ասես, առանձին,շարժուն դիրք է զբաղեցնում արվեստագետի և նրա լսարանի միջև՝ մինչ կկատարի միջնորդության,թարգմանության և վերընծայման իր առաջադրանքները գործիքների և մեթոդների միջոցով,որոնք,ներհայտորեն կամ բացահայտորեն,գործադրում է վերա-կազմավորելու համար սուբյեկտիվություններ ։
Արվեստի կուրատորների երևանյան ամառային սեմինարների 7-րդ թողարկումը կուրատորական փորձառությունների օրինակով միտված է բացահայտելու կատարողականության երկակի հասկացությունը՝ կուրատորությունը իբրեւ ընդլայնված փորձառություն, որն առնչվում է ցանկությունների, ինքնությունների, սուբյեկտիվությունների հետ, ինչպես նաեւ դրա առանձին գործադրումը՝ պերֆորմանսի արվեստի կուրատորություն, միայն վերջերս ասպարեզ իջած մի փորձառություն, որն ինստիտուցիոնալացվեց բազմաբնագավառային արվեստի ոլորտում։ Մեր ցանկությունն է հետազոտել կատարողականության այդ երկու հարթությունների հատումները եւ դրանց հնարավոր ազատագրական ներիմաստները։ Ամառային սեմինարները հրավիրում են արվեստի տեսաբաններին,արվեստի տարբեր ոլորտների գործող կուրատորներին և արվեստագետներին քննարկելու տարբեր կատարողական փորձառությունները՝ արվեստի հաստատության սահմաններից ներս եւ դուրս։ Ծրագիրը կներառի դասախոսություններ՝ քննարկումների եւ կատարողական միջոցառումների հետ մեկտեղ։




