Այս երեկո առիթ կունենանք զրուցելու Իզաբել Վիշերայի հետ, ով, արդեն երեք տարի է, ինչ իր արվեստային գործունեությունը է ծավալում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ։ Լինելով տարված մարդկային իղձերի, հույսերի ծագումնաբանության ու շրջանառության հարցերով, նա հաճախ դրանց պատասխանները փնտրում է կենցաղի ու ավանդույթի հանդիպման ու մեկտեղման նրբանցքներում։ Այս մեկտեղման գեղագիտական չափումն է,որ գալիս է պայմանավորելու առարկայի և նյութի հանդեպ արվեստագետի մոտեցումները ։ Իզաբել Վիշերայի ուշադրության կենտրոնում են նաեւ մայրության եւ ընտանիքի հաստատության փոխհարաբերության մերօրյա խնդիրները,որոնց դրսևորման ձեւերը այս կամ այն հասարակության մեջ պայմանավորված են տվյալ երկրի սոցիալ-տնտեսական համատեքստի առանձնահատկություններով։