2012-2014 Ուսումնական տարի
Լենա Նազարյան
Մի տեղ լինի՝ գնանք աշխատենք
Այս հետազոտության խնդիրն է նկարագրել Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի գյուղական համայնքներում ծագած աշխատանքի խնդիրը: Որպես լակմուսաթուղթ դիտարկվելու են Հայաստանի Լոռվա մարզի Թեղուտ և Շնող համայնքները, որոնց վարչական տարածքներում ՀՀ կառավարության 2001 թվականի որոշմամբ սկսվեցին պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները և զուգահեռ ծավալվեցին հասարակական քննարկումներ՝ գյուղերում աշխատատեղեր ստեղծելու շուրջ։
Նարե Սահակյան
Դրվագներ 1990–ականների հայաստանյան կոնցեպտուալ արվեստի. հարաբերություններ եւ դիրքորոշումներ
Աշխատանքը գրելիս հեղինակը առաջնորդվել է այն հարցով, թե ինչ առանձնահատուկ խոսակցություն է ձեւավորվում արվեստագետների միջեւ, ովքեր միասին փորձում են գործարկել մեկ ընդհանուր հղացք՝ հանդես գալ նույն ցուցահանդեսում, իրականացնել համատեղ արվեստային նախագիծ: Ի՞նչ դիրքեր են բռնում արվեստագետները այս խոսակցության մեջ՝ կախված նրանց արվեստային դիրքորոշումներից։ Ի՞նչ է ստացվում, երբ այդ խոսակցության մեջ մի ինչ-որ իմաստ սղվում է, կամ խոսակցությունից դուրս ծավալվող այլ մտահոգություն դառնում է խոսակցության մտահոգությունը: Արվեստագետների միջեւ այս խոսակցությունը նրանց՝ որպես արվեստագետների հարաբերությունների հիմքն է, որն իր հերթին կառուցում է արվեստի դաշտում տիրող իրավիճակը:
Վահե Բուդումյան
2000ականների Հայաստանի ժամանակակից արվեստի ռազմավարությունները
Փաստագրականություն եւ այլաշրջում
Այս աշխատությունն իրականացել է մի առանձնահատուկ հարցի շուրջ մտորումների արդյունքում. ի՞նչ դեր ունեն արվեստի միջոցները արվեստի աշխատանքների կայացման գործում: «Միջոց» ասելով` նկատի ունենք արվեստի գործի ֆիզիկական կրիչից (կտավ, ժապավեն եւ այլն) ածանցվող պայմանականությունների խումբը, որից ելնում է արվեստագետի ռազմավարությունը` արտահայտչաձեւերի, մեթոդների եւ հնարքների ամբողջությունը: Դժվար չէ նկատել, որ հարցը պարունակում է կանխադրույթ, այն է` արվեստի միջոցները չեզոք չեն, դրանք ներգրավված են արվեստի գործերի ձեւավորման գործընթացում, ավելին` դրանք գործերի անխուսափելի եւ անօտարելի մասն են։