Հարցազրույց՝ Նվարդ Դալյանի հետ

2025

Նոյեմբերի 11-ից 28–ը, Ժամանակակից արվեստի ինստուտի ցուցասրահում ներկայացվեց ճարտարապետ Նվարդ Դալյանի և բանաստեղծ Սոնիա-Սանան Քիլէճեանի «Շղարշից Անդին» համատեղ նախագիծը։

Նվարդ Դալյանի լուսանկարչական պատկերները զուգակցվում են Սոնիա-Սանան Քիլէճեանի բանաստեղծություններով՝ ոգեշնչված Համշենի բնապատկերային տեսարաններից։ Արվեստագետը և բանաստեղծը, լուսապատկերի և պոետիկ տեքստի միջոցով, ուսումնասիրում են մշուշի առեղծվածային էությունը։

Ստորև ներկայացնում ենք Նվարդի հետ մեր զրույցը։

Ե՞րբ եք սկսել զբաղվել լուսանկարչությամբ:

Նվարդ Դալյան – Մասնագիտությամբ ճարտարապետ եմ, բայց լուսանկարչությունը ինձ միշտ գրավել է: Տասնվեց տարեկան էի, երբ մայրս ինձ նվիրեց իմ առաջին ֆոտո ապարատը: Ես սիրում էի Հայաստանով ման գալ և նկարել այն ամենը ինչ իմ մեջ առաջացրել է հոգեկան իրավիճակ: Հետագայում մասնագիտացել եմ ճարտարապետության մեջ, իսկ լուսանկարելու հանդեպ սերը ինձ շատ է օգնել զարգացնել այն բոլոր հատկությունները որոնք անհրաժեշտ են ճարտարապետին։ Ամեն ինչին փոքրիկ տեսախցիկի միջոցով նայելը զարգացնում է կոմպոզիցիա, մասշտաբ, լույս, մանրամասնություն և այլն: Կարծում եմ այս երկուսը իրար հետ շատ կապակցված են և բնականաբար ազդում են տեսնելու ունակություններդ զարգացնելու մեջ։

Ինչպե՞ս է ծնվել «Շղարշից Անդին» նախագիծը:

Ն. Դ. – 2021 ին ամուսնուս հետ ճանապարհորդել ենք Համշեն՝ տուր ընկերության հետ: Առաջին օրվա ծրագիրը կոչվում էր «Դրախտի դարպասներ», մեզ տարան բավական բարձր լեռան վրա՝ անտառի խորքում գտնվող մի լիճ: Երբ որ հասանք այնտեղ, մշուշը լրիվ ծածկել էր լճը: Իսկապես դրախտային իրավիճակ էր: Մշուշի շարժումով առաջացան տարբեր իրավիճակներ և լուսավորության փոփոխություն, այս շարժումը կրկնվում էր: Սպասեցի, որ մեր խմբի անդամները ավարտեն նկարելը, ու սկսեցի նկարել մշուշի շարժման փոփոխական ընթացքը: Բնությունը կարծես պատկերներ էր ստեղծում ինձ համար, և ես դրանք նկարում էի գիտակցելով որ «շղարշից անդին» կա մի իրականություն։ Դեժավյուի զգացողություն ունեցա, որովհետև նման զգացումներ անցյալում ունեցել էի Դիլիջանի անտառներում՝ Պարզ լճում:

Տասնվեց տարեկանից եք լուսանկարում, և այս տարի կազմակերպվել է Ձեր առաջին ցուցահանդեը: Այդքան տարիների լուսանկարներից ընտրել եք հենց այս լուսանկարները: Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ընտրությունը:

Ն. Դ. – Հաճախ երազներիս մեջ թռել եմ անսահմանի մեջ: Շատ իրական զգացմունք էր Ինձ համար, կարծես ուրիշ հարթության մեջ գտնվես, արդնանալով հասկանում էի որ այլ իրականության մեջ եմ, ինձ համար շատ կարևոր էր արձանագրել այս վերացական իրավիճակը: Ինչ որ զգացի լճի մոտ ինձ տարավ իմ երազներին։ Անսահմանության մեջ վերանալու գաղափարը շատ գրավիչ էր: Բնությունը հատկություն ունի քեզ վերացնելու իրական աշխարհից, լինելով շատ իրական: Այն ուժ է տալիս վեհ բաների մասին մտածել, մոռանալով կյանքի մանրուքները: Օրինակ սարի գլխին գտնվելով, քեզ թվում է թե այն ինչ որ ներքևում է շատ մանր է և աննշան: Մշուշը նույն ազդեցությունը թողեց ինձ վրա: Այս մասին զրուցեցի ընկերուհուս՝ բանաստեղծուհի Սոնիա-Սանան Քիլէճեան հետ: Ինքն էլ ուներ մտորումներ մշուշի մասին: Դրվագը ոգևորիչ էր, միասին զրուցելով որոշեցինք, որ ինչ-որ բան պետք է անենք այս թեմայի շուրջ:

Որպես արվեստագետ տարբեր բաներ եք տեսնում կյանքում, դրանք լուսանկարում եք և փորձում եք փոխանցել մեզ: Ձեզ համար ո՞րն է սահմանը, երբ հասկանում եք, որ ինչ-որ բան նախըտրում եք Ձեզ պահել, իսկ ինչ-որ բան կարող եք հանրայնացնել:

Ն. Դ. – Սահմանը, երբ ես ինքս բավարարված չեմ արդյունքով: Եթե այն ազդեցություն չի ունենա դիտորդի հոգեկան իրավիճակի վրա, չեմ ցուցադրի, նույնիսկ եթե շատ լավ ստացված նկար է։ Պիտի վստահ լինեմ որ ասելիք ունեմ և ինչ որ ստեղծել եմ կարող եմ վստահել և կիսվել, այն ժամանակ կկիսվեմ: Այսօր լուսանկարում են բոլորը, ինձ համար կարևորը բովանդակություն և գեղանկարչական զգացողություն փոխանցելն է, ոչ թե կենտրոնանալ տեխնիկական հմտությունների վրա: Ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ կարողանան զգալ և կապ ստեղծել գործերիս հետ: Եթե ազդեցիկ է, ուրեմն ստացված նախագիծ է:

Հարցազրույցը վարեց՝
Լիլիթ Գրիգորյան

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.